National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.02.2020
Քննարկվել են նախադպրոցական կրթության ոլորտի խնդիրները
1 / 9

Փետրվարի 10-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով ընդլայնված աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, նախադպրոցական կրթության բնագավառի ներկայացուցիչներ ՀՀ մարզերից, մանկապարտեզների տնօրեններ, դաստիարակներ եւ երեխաների հետ աշխատող   այլ մասնագետներ:

Քննարկումը վարել են  ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը  եւ հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանը:

 Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հանդիպման նպատակն է նախադպրոցական կրթության ոլորտի մասնագետների հետ քննարկել մոտ մեկ ամիս առաջ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ  ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի երկրորդ ընթերցմամբ քննարկումն օրենսդիրները նախատեսում են  իրականացնել մարտ ամսին: Եվ, որպեսզի ընդունվի ոլորտը հնարավորինս արդյունավետ կարգավորող օրենք, օրենսդիրները նպատակահարմար են համարել լսել նաեւ այն մարդկանց դիտողություններն ու առաջարկները, որոնք  աշխատում են նախադպրոցական տարիքի երեխաների հետ, գիտեն առկա  խնդիրներն ու  կարող են մատնանշել դրանց լուծման իրենց ուղիները:

 Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ գործող՝ 3 էջանոց  օրենքի համեմատ ներկայացված է ոլորտը համապարփակ կարգավորող օրենքի նախագիծ, որում որպես կարեւոր առանձնահատկություն պետք է առանձնացնել  ներառականության սկզբունքը, որի ներդրմամբ ակնկալվում է, որ նախադպրոցական կրթության իրենց իրավունքը կկարողանան իրացնել նաեւ ֆիզիկական եւ մտավոր հաշմանդամություն  ունեցող երեխաները:

Օրենքի նախագիծը վերաբերում է 0-6 տարեկան երեխաների խնամքին եւ նախադպրոցական կրթությանը:  Նախագծում հստակ սահմանվում  են 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական  կրթության չափորոշիչները: Նախատեսվում է, որ օրենքի ընդունումից հետո  նախադպրոցական կրթություն իրականացնող մասնավոր կազմակերպություններն ու զարգացման կենտրոնները, որոնք  ենթակա կլինեն լիցենզավորման, ստիպված կլինեն  անցնել լիցենզավորման գործընթացը: Նախագծով խստացվում են նաեւ տնօրեններին ներկայացվող պահանջները, սակայն դրանք կվերաբերեն նոր նշանակվող տնօրեններին, պետական բյուջեի միջոցներով   կիրականացվեն  դաստիարակների վերապատրաստման  ծրագրեր:

Հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանն անդրադարձել է նախադպրոցական հաստատությունների խնդիրներին՝ կարեւորելով դրանց լուծումը: Ըստ նրա, դա հնարավոր կլինի իրականացնել օրենսդրական ճանապարհով՝ լսելով ամենափոքրերի կրթությամբ զբաղված  մասնագետների առաջարկները: Սոֆիա Հովսեփյանը, ինչպես նաեւ նախարար Արայիկ Հարությունյանը  խոսել են  ներառականության խնդիրներից՝ ներկաներին հորդորելով զերծ մնալ ներառականության ներդրման վերաբերյալ չհիմնավորված վախերից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ նախագիծն  առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, նախագիծը լրամշակվել է, սակայն դեռեւս լրացուցիչ քննարկման կարիք կա: Ըստ նրա, գործող օրենքը  չի կարգավորում ոլորտը, եւ տարատեսակ խնդիրներին նախարարությունում բախվում են գրեթե ամեն օր: Այս օրենքի ընդունումը, ինչպես պատկերավոր նշել է Արայիկ Հարությունյանը,  այնքան կարեւոր է, որ գրեթե կարելի է նույնացնել սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հետ:

 Նախարարի խոսքով՝  2023 թվականին ակնկալվում է, որ նախադպրոցական հաստատություններ պետք է հաճախի մինչեւ 6 տարեկան երեխաների 70 տոկոսը՝ ներկայիս 40 տոկոսի փոխարեն: Այդ նպատակին հասնելու համար Կառավարությունը մի շարք քայլեր է նախատեսել: Մասնավորապես,  նախորդ տարի հանրապետությունում բացվել են 18 նոր նախադպրոցական հաստատություններ, գրեթե նույնքան ակնկալվում է բացել այս տարի սեպտեմբերին:

Արայիկ Հարությունյանը նույնպես  անդրադարձել է մասնավոր նախակրթարանների ծրագրերին եւ չափորոշիչներին, կարեւորել այդ հաստատությունների  լիցենզավորման անհրաժեշտությունն ու դրանց ծրագրերի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը:

Քննարկման մասնակիցները հարցերի  միջոցով անդրադարձել են ոլորտի տարաբնույթ խնդիրներին,  ներկայացրել առաջարկներ  ու դիտողություններ: Քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է եղել մարզերում եւ Երեւան քաղաքում մանկապարտեզների վճարների հավասարեցման անհրաժեշտությանը՝ ծնողների կողմից համավճարով կամ  ամբողջությամբ անվճար տարբերակով: Նշվել է, որ այս հարցը դեռեւս քննարկման փուլում է, սակայն, ըստ նախարարի, համավճարով գործելու դեպքում արդյունքներն առավել նկատելի են լինում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am